Նոյեմբերի 7-ին տեղի է ունեցել Կայսերիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու օծումը՝ Պոլսո հայոց պատրիարքարանի հոգեւոր խորհրդի առաջնորդ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի ղեկավարությամբ, իսկ նոյեմբերի 8-ին արդեն իրականացվել է առաջին պատարագը։

Պատարագը մատուցել են տեր հայր Մուրոն Այվազյանը, Ջինասյանը եւ Զավեն Բչաքչըն։ Առաջին պատարագը նվիրվել է նաեւ Կայսերիում վերջին Շաքար բայրամի ժամանակ կորած երեխաներին։

NEWS.am-ը հիշեցնում է, որ Կայսերիի Սուրբ Գրիգոր լուսավորիչ եկեղեցին հիմնվել է 1191 թվականին։ 2008 թվականի սեպտեմբերի 28-ից ընթանում էին եկեղեցու տանիքի եւ ճակատային հատվածի վերականգնման աշխատանքները։ Աշխատանքներին մոտիկից ծանոթանալու համար 2009-ի ապրիլի 28-ին Կայսերի էր եկել Պոլսո հայոց պատրիարքի տեղապահ, արքեպիսկոպոս Աթեշյանը։ Նա հանդիպել էր Կայսերիի նահանգապետ Մեւլութ Բիլիջիի հետ, ով իր գոհունակությունն էր հայտնել արքեպիսկոպոսի այցի առթիվ։ Արքեպիսկոպոս Աթեշյանը հանդիպել էր նաեւ Կայսերիի քաղաքապետ Մեհմեդ Օզհասեքիի հետ։ Կայսերիի քաղաքապետը հայտնել էր, որ ձեռքից եկածը կանի՝ հայկական եկեղեցու բնականոն գործունեության համար։ 1996 թվականին եւս եկեղեցին որոշակի վերանորոգման էր ենթարկվել։ Այդ եկեղեցում 8 տարի ծառայություն կատարող Կարապետ Իտթեփեյանը նշել է, որ տարին երկու անգամ ստամբուլահայերը գալիս են եկեղեցի՝ կրոնական արարողությանը մասնակցելու համար։