ԱՄՆ նախագահի թեկնածու, հանրապետական Հերման Քեյնը, որը մեղադրվում է սեռական ոտնձգություններ կատարելու մեջ, այսուհետ ԱՄՆ գաղտնի ծառայության պաշտպանության ներքո է գտնվելու:

Գերատեսչության ներկայացուցիչը CNN հեռուստաալիքին հայտնել է, որ ներքին անվտանգության նախարար Ջանետ Նապոլիտանոն, Քեյնի կողմնակիցների պահանջով, թույլատրել է նրան պաշտպանության տակ առնել, բայց չի հստակեցրել, թե որն է այդ որոշման կայացման պատճառը:

Գաղտնի ծառայության պաշտպանությունը հատկացվում է Դեմոկրատական եւ Հանրապետական կուսակցությունների կողմից պաշտոնապես առաջադրված  նախագահի թեկնածուներին: Այդ թեկնածուները որոշվում են կուսակցական հավաքների ժամանակ, իսկ հաջորդ հավաքները տեղի կունենան 2012թ.: Նման նախադեպեր Ամերիկայում արդեն եղել են. 2007թ. մայիսին Գաղտնի ծառայությունը պաշտպանության տակ էր վերցրել սենատոր Բարաք Օբամային, իսկ ԱՄՆ նախագահի մյուս թեկնածու Հիլարի Քլինթոննն արդեն գերատեսչության պաշտպանության ներքո էր` որպես նախկին առաջին տիկին, հիշեցնում է ՌԻԱ Նովոստին:

Հիշեցնենք, որ Քեյնը, ով նախընտրական պայքարում  Հանրապետականների առաջնորդն էր, վերջին շաբաթներին աղմկահարույց պատմությունների կենտրոնում է հայտնվել: Նախկինում նրա ղեկավարած Ռեստորանների ազգային ասոցիացիայի չորս աշխատակցուհիներ Քեյնին մեղադրել են սեռական ոտնձգություններ կատարելու մեջ: