Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին կանչել են ՀՔԾ եւ հարցաքննել` կապված «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի նախասրահում գործարար Սիլվա Համբարձումյանին ծեծի ենթարկելու առնչությամբ հարուցված քրգործի հետ: «Կանչել են, հարցաքննվել եմ»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցոմ ասաց մարզպետը:
Սուրեն խաչատրյանը հերքեց մամուլում տարածված տեղեկությունները, թե ինքը պատրաստվում է հեռանալ Հայաստանից, մասնավորապես` գնալ Ֆրանսիա եւ որ իր տղան սովորում է Լիոնում: «Ո՞ւր եմ գնալու որ: Ի՞նչ Ֆրանսիա, ի՞նչ բան: Ես ոչ մի տեղ գնալու բան չունեմ: Իմ մի որդիս էլ սովորում է Գորիսի պետական համալսարանում: Ես էլ իմ երկիրը շատ սիրում եմ եւ երբեք չեմ էլ մտածում, որ որեւէ այլ տեղ տեղափոխվեմ»,- նշեց Սյունիքի մարզպետը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ քաղաքացի Սիլվա Համբարձումյանից ստացած գրավոր հաղորդման հիման վրա՝ ըստ որի Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, նոյեմբերի 14-ին, «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում հարվածներ է հասցրել իրեն: Հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով (ծեծ): Ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:
Նշենք նաեւ, որ Սուրեն Խաչատրյան-Սիլվա Համբարձումյան հակամարտությունը ավելի վաղ է սկսվել: Մասնավորապես, ըստ մամուլի հրապարակումների, Սիլվա Համբարձումյանը հայտարարել էր, որ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանն իրեն պատկանող «Լիճվազք-Թեյի» ոսկու հանքից գողացել է 102 միլիոն դրամ արժողությամբ սարքավորում: Այս հայտարարության առնչությամբ, Սիլվա Համբարձումյանը հրավիրվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:



























