Եթե գործարար Սիլվա Համբարձումյանին ծեծելու համար Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի դեմ հարուցված քրգործով նա պատժվի, ապա պետք է պատժվեն նաեւ ԱԺ այն պատգամավորները ովքեր այնտեղ են եղել եւ կեղծ վկայություն են տվել, ասելով որ ծեծ չի եղել: Այս մասին, այսօր` նոյեմբերի 18-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:
«Ալեքսանյան Սամվելը (ԱԺ գործարար պատգամավոր-խմբ) մտնում է իրեն չպատկանող խանութ եւ ասում է. «Փակի», հաշվի չառնելով, որ խանութի տերը վարկերի տակ է: Սիլվա Համբարձումյանը ըմբոստ կին է, բայց եթե խանութի տերը ըմբոստանար, նա էլ աքացիներ կստանար»,- ավելացրեց Հովհաննիսյանը:
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչո՞ւ Սերժ Սարգսյանը չի պատժում Սուրեն Խաչատրյանին նման արարքի համար, Հովհաննիսյանը պատասխանեց. «Եթե պատիժը Գագիկ Բեգլարյանի պատժի նման պետք է հնչեղություն ստանա ու կոպեկի արժեք չունենա, ապա այն կոպեկի արժեք չունի»։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ քաղաքացի Սիլվա Համբարձումյանից ստացած գրավոր հաղորդման հիման վրա՝ ըստ որի Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, նոյեմբերի 14-ին, «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում հարվածներ է հասցրել իրեն: Հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով (ծեծ): Ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:



























