Անդրես Բրեյվիկը Նորվեգիայում ահաբեկչական նպատակի 30 տարբեր օբյեկտներ է դիտարկել, ներառյալ նավթագազային պլատֆորմները, երկու միջուկային ռեակտորները եւ արքայական պալատը: Պայթյուններ կարող էին որոտալ նաեւ Նորվեգիայի բանվորական կուսակցության, Սոցիալիստական ձախ կուսակցության շտաբի, «Դագսավիսեն» թերթի հրատարակչության, НРК հեռուստաընկերության գրասենյակի մոտ:
Այս մասին, ինչպես հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, հայտնել են տեղի լրատվամիջոցները, որոնց տրամադրության տակ էին հայտնվել Բրեյվիկի հարցաքննության նյութերը:
Նորվեգացի ահաբեկիչը խոստովանել է, որ ծրագրել էր պայթեցնել նավթային պլատֆորմը եւ դրա համար մտադրվել էր չորս ձկնորսական նավակներում մեկական տոննա պայթուցիկ բարձել:
Միջուկային ռեակտորը, ըստ Բրեյվիկի, նախատեսվում էր պայթեցնել պատերազմի ավելի ուշ փուլում, եւ դրա համար նրան համախոհներ էին պետք:
Նորվեգիայի նպատակակետերից բացի, հանցագործը նաեւ դիտարկել է 10 հնարավոր թիրախներ դրա սահմաններից դուրս:
Նախկինում լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ Բրեյվիկի գլխավոր «կենդանի» թիրախը արտգործնախարար Յոնս Գար Ստյորեն է, Նորվեգիայի նախկին վարչապետ Գրու Հարլեմ Բրունդտլանդը, ինչպես նաեւ սոցիալ-դեմոկրատների երիտասարդական կազմակերպության ղեկավար Էսկիլյա Պեդերսենը, որոնք, ըստ ահաբեկչի դասակարգման, «Ա կարգի դավաճաններ են»: Ութոյա կղզու կոտորածը «պլան Բ-ն» էր:
Բրեյվիկի նախնական ծրագրում կառավարության շենքը «հողին հավասարեցնելն» է եղել: Նա մտադիր է եղել պայթուցիկներով բեռնված ավտոմեքենան կայանել հենասյուների մոտ: Ըստ նրա հաշվարկների` դա կհանգեցներ ողջ շենքի փլուզմանը: Երբ այդ ծրագիրն իրագործել չի հաջողվել, Բրեյվիկը ուղեւորվել է Ութոյա:
Հիշեցնենք, Ութոյա կղզում կրակոցների զոհ էր դարձել 69 մարդ, նրանց մեծամասնությունը դեռահասներ են եղել: Եւս ութ մարդ դրանից երկու ժամ առաջ մահացել էր Օսլոյի կառավարական թաղամասում որոտացած պայթյունից:




























