Իսպանիայում նոյեմբերի 20-ին կայացած արտահերթ ընտրություններին հաղթել է Ժողովրդական կուսակցության աջ կենտրոնամետ թեւը, հայտնում է El Mundo թերթը:

Բոլոր քվեաթերթիկների հաշվարկից հետո այն հավաքել է ձայների 44.62%-ը եւ ստացել է խորհրդարանի տեղերի մեծամասնությունը` 350-ից 186-ը:

Դա Ժողովրդական կուսակցությանը թույլ կտա նոր կառավարություն ձեւավորել, եւ ենթադրվում է, որ դրա նախագահ Մարիանո Ռախոյը (Mariano Rajoy) կդառնա վարչապետ:

Նախկին իշխող կուսակցությունը` սոցիալիստականը, հավաքել է ձայների  28.73%-ը եւ նոր խորհրդարանում կստանա 110 մանդատ: Նոր խորհրդարանը աշխատանքի կանցնի դեկտեմբերի 13-ին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի վերջին Իսպանիայի վարչապետ Խոսե Լուիս Ռոդրիգես Սապատերոն ցրել էր խորհրդարանը, միաժամանակ հայտարարելով, որ կառավարությունը պետք է կենտրոնանա տնտեսական հիմնախնդիրների վրա: Արդեն 8 տարի պաշտոնն զբաղեցնող Սապատերոն օրերս հայտնել էր իր հեռանալու մասին: