«ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության Իջեւանի անձնագրային բաժանմունքը հրաժարվել է „Հայկական ժամանակ“ թերթի գլխավոր խմբագիր, Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամ Նիկոլ Փաշինյանին տեղեկանք տրամադրել վերջին 5 տարում Հայաստանում մշտապես բնակվելու վերաբերյալ: Ոստիկանության հիշյալ վարչության այս քայլն ապօրինի է, առանց օրենքով նախատեսված որեւէ հիմնավորման»,- այդ մասին ասված է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի տարածած հայտարարության մեջ: «Ակնհայտ է, որ տվյալ դեպքում ոստիկանությունը կատարել է վարչախմբի հերթական քաղաքական պատվերը՝ թույլ չտալու համար Նիկոլ Փաշինյանին օգտվելու պատգամավորության թեկնածու գրանցվելու իր սահմանադրական իրավունքից: Իր հերթին, Սահմանադրության եւ օրենքի այսօրինակ կոպիտ խախտումը ցայտուն մի վկայություն է վարչախմբի թուլության ու վախի, ինչը նա ոչ մի կերպ չի կարողանում հաղթահարել: Համոզված, որ թափուր մնացած թիվ 10 ընտրատարածքում Նիկոլ Փաշինյանի հաղթանակը անխուսափելի է լինելու, իշխանությունը որոշել է պարզապես նրան չտրամադրել անհրաժեշտ փաստաթղթերը՝ ոստիկանության աշխատողներից եւս մի քանիսին օրինախախտ ու հանցագործ դարձնելու ճանապարհով»,- նշել են ՀԱԿ պատասխանատուներն ու հավելել. «Հայ ազգային կոնգրեսը հայտարարում է, որ հետամուտ է լինելու քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի իրավունքների վերականգնմանը: Որպես առաջին քայլ՝ ոստիկանության անձնագրային եւ վիզաների բաժանմունքի մերժումը բողոքարկվելու է Վարչական դատարանում»:

Հիշեցնենք, որ ոստիկանության վերոնշյալ բաժանմունքը հրաժարվել է 5 տարվա բնակության տեղեկանք տալ Նիկոլ Փաշինյանին, ինչը նրան թույլ կտար մասնակցել թիվ 10 ընտրատարածքում կայանալիք ընտրություններին: Փաշինյանի պաշտպաններն ու լիազոր-ներկայացուցիչները որոշումը բողոքարկել են Վարչական դատարանում: