Հյուսիսային Կորեան շաբաթ օրը աղբով և գոմաղբով լցված փուչիկներ է ուղարկել Հարավային Կորեա, հայտնել են հարավկորեական զինվորականները, հայտնում է Yonhap-ը։ Գործակալությունը նշում է, որ այս շաբաթվա սկզբին Հյուսիսային Կորեան միջկորեական սահմանով արձակեց հարյուրավոր այլ օդապարիկներ։

Տեղական ժամանակով` ժամը 20:45-ի դրությամբ Հյուսիսային Կորեայից եկող մոտ 10 օդապարիկներ են անցել երկու Կորեաները բաժանող ռազմական սահմանազատման գիծը, որոնց մեծ մասը թռչում է Սեուլը շրջապատող Գյոնգի նահանգ:

«Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին, քանի որ, ամենայն հավանականությամբ, ավելի շատ օդապարիկներ կընկնեն», - ասել է ռազմական պաշտոնյան:

Հյուսիսային Կորեան երեքշաբթի և չորեքշաբթի աղբով և արտաթորանքով լցված մոտ 260 փուչիկներ է ուղարկել Հարավային Կորեա՝ Հարավային Կորեայի ակտիվիստների կողմից ուղարկված Փհենյանի դեմ թռուցիկներին «ի պատասխան գործողությունների» նախազգուշացումից հետո:

Միացյալ շտաբի պետը մարդկանց խորհուրդ է տվել ձեռք չտալ իրերին և հայտնել մոտակա զինվորական կամ ոստիկանական մարմիններին, ինչպես նաև զգուշացրել է օդապարիկների հնարավոր վնասների մասին։

Սեուլի քաղաքային իշխանությունը նաև արտակարգ անվտանգության ահազանգ է տվել՝ ասելով, որ Սեուլի երկնքում անհայտ օբյեկտներ են հայտնաբերվել, որոնք, ենթադրաբար, հյուսիսկորեական օդապարիկներ են:

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի քույրը՝ Կիմ Յո Չոնգը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ օդապարիկները «անկեղծ նվերներ» են հարավկորեացիներին, ովքեր պահանջում են խոսքի ազատության երաշխիքներ։ Նա ասաց, որ իր երկիրը «տասնյակ անգամ» ավելի շատ աղբ կուղարկի, քան թափվում է Հյուսիսում:

Սեուլի միավորման նախարարությունն ուրբաթ նախազգուշացրել է, որ «անտանելի» ցավալի միջոցներ կձեռնարկի Հյուսիսային Կորեայի դեմ, եթե այն շարունակի «իռացիոնալ, սադրիչ գործողություններ» կատարել։