Ռուսաստանում քննիչները կարող են քրեական գործ հարուցել շախմատի աշխարհի չեմպիոն Գարրի Կասպարովի դեմ՝ օտարերկրյա գործակալի պարտականություններից խուսափելու հոդվածով, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններին։
«Կասպարովի դեմ քրեական գործ է սպառնում ՌԴ ՔՕ 330.1 հոդվածով (օտարերկրյա գործակալների մասին ՌԴ օրենսդրությամբ նախատեսված պարտականություններից խուսափումը): Ներկայումս դրա համար բոլոր հիմքերը կան»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Եթե քրեական գործ հարուցվի, Կասպարովին կարող է սպառնալ մինչև երկու տարվա ազատազրկում կամ տուգանք, հավելել է իրավապահների ներկայացուցիչը։
Ռուսաստանի արդարադատության նախարարությունը Կասպարովին օտարերկրյա գործակալների ցուցակ է մտցրել 2022 թվականի մայիսին։ Որպես հիմնավորում նշվել է «քաղաքական գործունեություն իրականացնելը», օտարերկրյա աղբյուրների թվում նշվել են Ուկրաինան և Մարդու իրավունքների հիմնադրամը (ԱՄՆ)։ ՌԴ դատարանները նրան բազմիցս ենթարկել են վարչական պատասխանատվության՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքը խախտելու մեղադրանքով։ Կասպարովն ապրում է Ռուսաստանի սահմաններից դուրս։





























