Լոռիի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, նոյեմբերի 20-ին, կայացել է Ստեփանավանի «Անահիտ» հանգստյան տանը 29-ամյա կնոջ սպանության գործով դատական նիստը, որտեղ սպանության մեջ կասկածվող Ստեփանավանի 58-ամյա բնակիչ Արշավիր Դեմիրխանյանի նկատմամբ երկամսյա կալանք կիրառելու որոշում է կայացվել:
Նիստն անցել է դռնփակ: Սույն գործով քննիչ Սերգեյ Սերոբյանը միջնորդել է դատարանին` Արշավիր Դեմիրխանյանի նկատմամբ նախնական երկամսյա կալանք կիրառել, ինչը դատավոր Մուշեղ Հարությունյանը բավարարվել է:
Մինչեւ դատական նիստն ու դատարանի որոշումը, այս օրերին Դեմիրխանյանը գտնվել է ոստիկանության Ստեփանավանի բաժնի ձերբակալվածների պահման համար վայրում: Քննիչ Սերգեյ Սերոբյանի կողմից նշանակվել են նաեւ լրացուցիչ մի շարք փորձաքննություններ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Լոռիի մարզի Ստեփանավան քաղաքի «Անահիտ» հանգստյան տան պահակակետում սպանություն է տեղի ունեցել, հանգստյան տան գիշերապահակ 58-ամյա Արշավիր Դեմիրխանյանը վիճաբանել էր 29-ամյա, ազգությամբ բելառուս Ինգա Շիշլոյի հետ: Վիճաբանության ընթացում գլխին ստացած ապակյա շշի հարվածներից, Շիշլոն հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել էր: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ:



























