Սաուդյան Արաբիան որոշել է ներկայացուցիչներ չուղարկել Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության համաժողովին, որը տեղի է ունենալու Շվեյցարիայում հունիսի 15-16-ին, dpa գերմանական գործակալությանն ասել են դիվանագիտական աղբյուրները։
Նրանց խոսքով՝ Էր Ռիադն այս որոշումն ընդունել է այն պատճառով, որ Ռուսաստանը չի մասնակցելու գագաթաժողովին։ Մինչ այդ Սաուդյան Արաբիան բանակցություններ էր վարել Չինաստանի հետ Ուկրաինայում պատերազմի վերաբերյալ։ Երկու երկրների ներկայացուցիչները որոշել են, որ հարցը քննարկվելու է բոլոր կողմերի մասնակցությամբ եւ տարբեր առաջարկների շուրջ բանավեճով։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախատեսում էր հունիսի 1-ին այցելել Սաուդյան Արաբիա պաշտոնական այցով։ Նա պատրաստվում էր հանդիպել թագաժառանգի եւ երկրի փաստացի կառավարչի՝ Մուհամեդ բին Սալմանի հետ։ Բայց Էր Ռիադի դիրքորոշման պատճառով Զելենսկին հետաձգել է այցը Սաուդյան Արաբիա՝ մինչեւ Շվեյցարիայում համաժողովի ավարտը։
Ընդ որում, Էր Ռիադը քանիցս առաջարկել է իր միջնորդությունը ռազմական հակամարտության կարգավորման համար։ 2023թ. օգոստոսին թագավորությունում տեղի ունեցավ Ուկրաինայի վերաբերյալ չորս խաղաղ համաժողովներից մեկը։ Ներկա էին 42 երկրների ազգային անվտանգության խորհրդականները, ներառյալ ԲՐԻԿՍ-ի գծով Ռուսաստանի բոլոր գործընկերները։ Այս աշնանը Սաուդյան Արաբիայում կարող է տեղի ունենալ գագաթաժողով, որին ներկա կգտնվեն ՌԴ ներկայացուցիչները, նշել են Bloomberg-ի աղբյուրները։
Շվեյցարիայի «խաղաղության գագաթաժողովին» հրավիրված են աշխարհի 160 երկրներ, որոնցից 106-ը հաստատել են իրենց մասնակցությունը։ Պեկինում հայտնել են, որ աջակցելու են միայն այն գագաթաժողովներին, որտեղ ներկայացված կլինեն հակամարտության երկու կողմերը։
Կիեւը պատրաստվում է միջոցառմանը ներկայացնել «խաղաղության ուկրաինական բանաձեւի» երեք կետ. միջուկային եւ պարենային անվտանգություն, ռազմագերիների փոխանակում «բոլորը բոլորի դիմաց» ձեւաչափով եւ ուկրաինացի երեխաների վերադարձ, որոնց տարել են Ռուսաստան։ Զելենսկին խոստացել է, որ համաժողովի որոշումները կհանձնվեն Մոսկվային։
ՌԴ իշխանությունները Կիեւի խաղաղության բանաձեւը համարում են անընդունելի, իսկ համաժողովը՝ անիմաստ։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Ռուսաստանը պատրաստ է վերադառնալ երկխոսության Ուկրաինայի հետ՝ «ելնելով այսօրվա իրողություններից, որոնք ստեղծվել են հողի վրա»։ Դա փաստացի նշանակում է, որ Կիեւն ընդունում է ինքնիշխանության կորուստը Ղրիմի, Դոնբասի եւ Խերսոնի, Զապորոժիեի մարզերի մի մասի հանդեպ։ Պուտինը բանակցությունների համար հիմք է անվանել այն պայմանավորվածությունները, որոնց կողմերը հասել են 2022թ. գարնանը Ստամբուլում։





























