ՌԴ ԱԳՆ-ում Միացյալ Նահանգներին կոչ են արել թույլ չտալ «վրիպումներ, որոնք կարող են ճակատագրական հետեւանքներ ունենալ։ «Ինտերֆաքսը» տեղեկացրել է, որ ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը մեկնաբանել է Ուկրաինայի համար ՌԴ-ի տարածքի դեմ ամերիկյան զենքի օգտագործման արգելքը հանելու որոշումը։

«Նրանք, անհասկանալի պատճառներով, թերագնահատում են այն հակահարվածի լրջությունը, որը կարող են ստանալ»,- ասել է Ռյաբկովը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։

ՌԴ արտաքին գործերի փոխնախարարը ամերիկյան գործիչներին կոչ է արել «ժամանակ ծախսել եւ ուսումնասիրել այն, ինչ ասել է Պուտինը, մասնավորապես՝ Տաշքենդի բանակցություններից հետո հրավիրված մամուլի ասուլիսում»։ «Դա բավական նշանակալի նախազգուշացում է, եւ դրան պետք է առավելագույն լրջությամբ վերաբերվել»,- ընդգծել է Ռյաբկովը։

Նրան խնդրել են նաեւ մեկնաբանել ԱՄՆ հնարավոր մասնակցությունը հրթիռային հարձակման մասին ռուսական նախազգուշացնող համակարգերի հարվածներին եւ ասել, թե արդյոք դրան պատասխան կտրվի ՌԴ-ի կողմից։

«Առաջին անգամ չէ, երբ Կիեւի ռեժիմը փորձել է խախտել մեր ռազմական կարեւոր օղակների նորմալ գործունեությունը, այդ թվում ռազմավարական ոլորտի հետ կապված։ Ահա այդ սողոսկումները մենք կկասեցնենք։ Պատասխանները կարող են ասիմետրիկ լինել»,- ընդգծել է Ռյաբկովը։

«Ինչ վերաբերում է ԱՄՆ դիրքորոշմանը, ապա այն առավելագույն չափով անպատասխանատու է։ Նրանք ցանկացած հանցագործություն կատարելու ինդուլգենցիա են տալիս Կիեւին եւ ոչինչ չեն անում, որպեսզի կանխեն իրենց խնամարկյալների վտանգավոր սադրիչ քայլերը»,- ասել է արտաքին գործերի փոխնախարարը՝ ավելացնելով, որ «ԱՄՆ-ի համար նույնպես դա անվճար չէ, եւ հետեւանքները նա կզգա»։

Մի շարք երկրներ, որոնք պաշտպանում են Ուկրաինային, այդ թվում ԱՄՆ-ը, թույլ են տվել Ուկրաինայի ԶՈւ-ին օգտագործել իրենց տված զենքը Ռուսաստանի տարածքին հարվածելու համար։