Սպանված փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի ընտանիքի նկատմամբ մահափորձ են իրականացրել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գեւորգ Մհերյանի հայրը` Պետրոս Մհերյանը հիշեցնելով հոկտեմբերի 9-ին, իրենց ընտանիքում շմոլ գազից թունավորման դեպքը:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ հոկտեմբերի 9-ի երեկոյան, շմոլ գազից թունավորմամբ «Արմենիա» բժշկական կենտրոն են տեղափոխվել Հայաստանի սպանված փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի ընտանիքի անդամներ Կարինեն, Արմենը, Ելենան եւ Մեսրոպը:
«Արմենիա» բժշկական կենտրոնում տուժածներն անցել են ամբուլատոր հետազոտում եւ նույն օրը դուրս են գրվել: Մհերյանները հրաժարվել են ստացիոնար բուժումից, սակայն անցել են բարոթերապիայի եւ թթվածնային թերապիայի կուրս:
«Գազի գրասենյակից եկել ուսումնասիրել են եւ ասել, որ ոչ մի շմոլ գազի արտահոսք չի եղել մեր բնակարանում: Եթե անգամ լիներ գազի արտահոսք անհնարին է, որ մենք ժամը 10-ից մինչեւ գիշերվա 4-ը շնչեինք ու կենդանի մնայինք: Դա աբսուրդ է: Ստացվում է, որ մենք գազը միացրել ենք ժամը 9-ին` թունավորվել ենք գիշերվա ժամը 4-ին»,- պարզաբանեց Մհերյանի հայրը:
Մեր այն հարցին, թե նրանք ի՞նչ կասկածներ ունեն, արձագանքեց. «Ալիկ Սարգսյանը իր տված հարցազրույցներից մեկում պարզ ասում է, որ իրենք գիտեն, թե ինչ է պատահել Գեւորգ Մհերյանին: Հիմա սրանից ի՞նչ եզրակացության ենք գալիս: Գիտեն, բայց սպանողներին եւ հանցագործներին չեն ձերբակալել: Ի՞նչ եք կարծում, եթե հանցագործները ազատության մեջ են ու ես քրքրում եմ այդ գործը, որոշ մարդկանց համար վտանգ ներկայացնո՞ւմ եմ, թե` ոչ»:
Պետրոս Մհերյանը պնդում է, որ իրենց ընտանիքի նկատմամբ մահափորձ են իրականացրել: «Միանշանակ այդպես է, ես ուրիշ ոչինչ չեմ կարող ասել: Եթե իմ տանը չկա շմոլ գազի արտահոսք, բայց երկու օր շարունակ ժամը 4-ին գազի թունավորումից ուշաթափվում ենք, սա ի՞նչ է»,- ասաց նա:
Հարցին, թե իրենց ընտանիքի նկատմամբ սպառնալիքներ եղե՞լ են, Գեւորգ Մհերյանի հայրը բացասական պատասխան տվեց: «Որդուս սպանության բացահայտման գործով միշտ ակտիվ եմ եղել, բայց վերջերս ավելի եմ ակտիվացել: Ես հասնում եմ որոշակի արդյունքերի, հետեւաբար արդեն ցանկալի մարդ չեմ: Սակայն շարունակելու եմ պայքարս այնքան ժամանակ մինչեւ ճշմարտությունը ջրի երես դուրս գա»,- նշեց Գեւորգ Մհերյանի հայրը:
Ստեղծված իրավիճակում Պետրոս Մհերյանը չի պատրաստվում պետությանը խնդրել, որ իրենց ընտանիքի անվտանգությունն ապահովեն, որը հիմնավորում է այսպես. «Ալիկ Սարգսյանը դեպքի ժամանակ դեռ ոստիկանապետ էր: Թունավորումից հետո զանգում է ինձ եւ ասում. «Պարոն Մհերյան, Ձեր թունավորման պատճառը հնարավոր է գազի արտահոսքից լինի: Նա ասաց, որ կհանդիպենք ու մինչ օրս դեռ հանդիպում ենք: Նման պայմաններում ես ումի՞ց անվտանգության ապահովում պահանջեմ: Ինքս իմ մատով իմ գլուխն եմ քորում ու իմ ընտանիքը պաշտպանում»:
Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին փոխանցեցին, որ դեպքի առնչությամբ նյութեր են նախապատրաստված ոստիկանության Նոր-Նորքի բաժնում, նշանակվել են փորձաքննություններ եւ երբ պատասխաններն ստացվեն այդ ժամանակ պարզ կդառնա, քրեական գործ կհարուցվի՞, թե` ոչ:
Հիշեցնենք, որ տուժածները 2009թ. փետրվարի 3-ին սպանված ՀՀ Ոստիկանության պետի տեղակալ Գեւորգ Մհերյանի ընտանիքի անդամներն են: Գեւորգ Մհերյանի սպանության փաստով Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ է հարուցել սպանության եւ ապօրինի զենքն եւ զինամթերք պահելու հոդվածներով:
Պատրաստեց` Տաթեւ Մեսրոպյանը


























