Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին այսօր` նոյեմբերի 22-ին, իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Սենեգալի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Մամադու Սալիու Դիուֆը (նստավայրը` Մոսկվա):
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նախագահը շնորհավորել է դեսպանին` մեր երկրում իր դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ: Նշելով, որ Հայաստանը կարեւորում է Աֆրիկայում ու նաեւ աշխարհում աստիճանաբար իր դիրքերն ամրապնդող Աֆրիկյան միության հետ համագործակցությունը, Սերժ Սարգսյանը ողջունելի է համարել այդ միության ակտիվ անդամներից մեկը հանդիսացող Սենեգալի մասնակցությունը խաղաղապահ գործընթացներին եւ մշտապես հանդես գալը խաղաղության ու համագործակցության օգտին:
Երկուստեք կարեւորվել է միջազգային կազմակերպությունների, այդ թվում նաեւ Ֆրանկոֆոնիայի շրջանակներում փոխգործակցությունը, որը զրուցակիցների համոզմամբ, կարող է լավ նախադրյալ դառնալ երկկողմ հարաբերությունների զարգացման ու ամրապնդման համար:
Նախագահ Սերժ Սարգսյանը եւ Սենեգալի դեսպանն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային խնդիրների:



























