Հայաստան է ժամանել ՀԱՊԿ պատվիրակությունը, որի նպատակն է մի շարք նախարարությունների եւ գերատեսչությունների հետ քննարկել եւ ճշգրտել 2012-ին Հայաստանում անցկացվելիք ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի համալիր զորավարժության նախապատրաստման աշխատանքները։

Այսօր` նոյեմբերի 22-ին, ՀԱՊԿ պատվիրակությունը` կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովի գլխավորությամբ այցելել է Հայաստանի Արտակարգ իրավիճակների նախարարություն:

ԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այդ հարցերը քննարկվել են նաեւ ԱԻՆ-ի ներկայացուցիչների հետ։ Մեծ կարեւորություն տալով համատեղ զորավարժությանը, ՀԱՊԿ ներկայացուցիչները ցանկացան լսել հայկական կողմի կարծիքները եւ առաջարկները` կապված զորավարժության կազմակերպման հետ։ Քննարկվեցին զորավարժության տեւողության, շտաբային եւ պրակտիկ փուլերի բաժանման եւ կազմակերպչական այլ հարցեր։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալը նշել է, որ մյուս տարի կդիտարկվի նաեւ Հայաստանի ԱԻՆ-ի հետ համատեղ ուսումնավարժություն անցկացնելու հնարավորությունը:

Հյուրերն այցելել են նաեւ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոն, ծանոթացել դրա աշխատանքին։ Սեմերիկովը նշել է, որ Կենտրոնը շատ արդյունավետ է աշխատում, գործարկված է ամբողջ ծավալով, եւ ընդգծել, որ շատ լավ կլինի, որ Ճգնաժամային կառավարման կենտրոնն իր բոլոր գործառույթներով ներգրավվի զորավարժության ընդհանուր սցենարի մեջ: