Ադրբեջանական կողմից, նոյեմբերի 20-ին, դիպուկահար կրակոցի արդյունքում զոհված երկու զինծառայողներից մեկը ԼՂՀ պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող, 19-ամյա Միհրան Արմենի Մարգարյանը Գյումրի քաղաքի բնակիչ էր: Նա պատրաստվում էր իրավաբան դառնալ:
Միհրան Մարգարյանն ապրում էր Գյումրիի Մանուշյան թաղամասում՝ Գյումրիի «Սամարիթեր» ՓԲԸ հարեւանությամբ: Նա սովորել է Գյումրիի թիվ 2 դպրոցում, այնուհետեւ ընդունվել Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա:
Նա տեղափոխվել է երկրորդ կուրս եւ մեկնել բանակ:
NEWS am-ի թղթակիցը զրուցել է Միհրանի ուսուցիչների հետ: Նրանց հավաստմամբ, Միհրանը հավասարակշռված ու խաղաղասեր երիտասարդ է եղել: «Բարի, խելացի ու խոհեմ տղա էր, այնքան լավ էր սովորում»,-ասել է նրա դասղեկ Հասմիկ Հարությունյանը:
«Երբ երկիրը խաղաղ է, պատերազմ չկա հայտարարված, այնքան դժվար է խաղաղության պայմաններում այսպիսի ծանր կորուստ ունենալ»,-ասել է ԵԿՏԱ-ի դասախոս Հասմիկ Սարգսյանը:
Նշենք, որ մահացած զինվորի հայրն աշխատում է ՍՊԱԾ Հյուսիսային բաժանմունքում, իսկ մայրը վարսահարդար է:




























