Հայաստանում  այսօր` նոյեմբերի 22-ին,նշվում է բանկային համակարգի աշխատողի օրը, ինչպես նաեւ ՀՀ դրամի թողարկման 18-րդ տարեդարձը: NEWS.am-ին Կառավարության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի ուղերձ է հղել բանկային աշխատողի օրվա եւ դրամի թողարկման տարեդարձի կապակցությամբ.

«Այս ամսաթիվը պատմության մեջ ունի իր խորհրդանշական տեղը, քանի որ 1993 թվականի հենց այս օրը ներդրվեց նորանկախ Հայաստանի ազգային արժույթը՝ դրամը: Այսօր մենք միասին տոնում ենք մեր ազգային արժույթի 18-ամյակը: Ինչպես ցանկացած պատանի, այնպես էլ դրամն ունեցել է բազմաթիվ դժվարություններ իր կայացման ճանապարհին, բանկային համակարգի ձեւավորման հետ զուգահեռ կայացել է նաեւ ազգային արժույթը: Ձեր շնորհիվ է, որ բանկային համակարգը Հայաստանում դարձել է մեր տնտեսության ամենակայացած ճյուղերից մեկը: Իր գոյության շուրջ երկու տասնամյակի ընթացքում այն ունեցել է վերելքներ եւ նույնիսկ ճգնաժամային` 2009 թվականի ընթացքում ցուցաբերել է իր ունակությունը՝ դիմակայելու համաշխարհային տնտեսական ոչ բարենպաստ միջավայրի մարտահրավերներին: Հայաստանի բանկային համակարգը սակավաթիվներից էր ԱՊՀ-ում եւ նույնիսկ ամբողջ աշխարհում, որը չպահանջեց պետության կողմից որեւիցե միջամտություն ճգնաժամին հակազդելու համար»,- նշել է վարչապետը:: Շնորհավորել բանկային աշխատողներինն եւ նրանց մաղթելով նորանոր ձեռքբերումներ` Տիգրան Սարգսյանը նշել է, որ չնաած այս ոլորտում ունեցած ձեռքբերումներին, անելիքները եւս բազմաթիվ են: «Պետք չէ մոռանալ նաեւ, որ բանկային համակարգի վրա դրված է շատ մեծ պատասխանատվություն, քանի որ տնտեսության դինամիկ զարգացման մեջ մեծ դեր ունի հենց այս ոլորտը»,- նշել է վարչապետը: