Կարսի բնակչության 90%-ը հանդես է գալիս Հայաստանի հետ սահմանի բացման օգտին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  թուրք լրագրող,  Կարսի Serhat TV-ի ղեկավար Ալիջան Ալիբեյօղլուն:

«Մեր հեռուստաալիքով տեղական հաղորդումներ ենք պատրաստում Կարսի համար:  Կա նաեւ Կարսի պատմամշակութային արժեքների մասին ծրագիր: Մենք պատմում ենք եւ աշուղ երգիչների մասին, որոնք կան նաեւ ձեզ մոտ, ծանոթացնում ենք հեռուստադիտողին մեր գյուղերի կայնքին, նրանց ազգային խոհանոցին:  Սակայն ավելի շատ հաղորդումներ ենք պատրաստում հայ-թուրքական սահմանի բացման մասին»,-հայտարարեց Ալիբեյօղլուն:

Տասը տարի առաջ սահմանի բացման օգտին հանդես էր գալիս  Կարսի բնակչության 60%-ը, սակայն, ըստ նրա, վերջին տարիներին  կողմնակիցների թիվն աճել է: «Սրանում կա նաեւ մեր ներդրումը, այդ թվում` ստորագրությունների հավաքման ծրագրի ներդրումը»,-ավելացրեց նա:

Պատասխանելով  հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման ջանքերը խորհրդանշող հուշարձանի ապամոնտաժման մասին հարցին,  նա ասաց, որ քաղաքի բնակիչներին դա շատ է տխրեցրել. «Քաղաքի բնակիչները շատ տխրեցին, բայց քանի որ որոշումը կայացվել էր պետական իշխանությունների` պաշտոնական Անկարայի կողմից, չցանկացան այդ մասին շատ խոսել»,-բացատրեց լրագրողը:

«Հավատում ենք, որ նորից կտեսնենք այդ հուշարձանը»,-եզրափակեց նա: