Նիդեռլանդական Danca կահույքագործական ընկերությունն ուսումնասիրում է իր արտադրանքը Հայաստան արտահանելու հնարավորությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է ընկերության տնօրեն Հուգո վան դեր Հուկը` Երեւանում կայացած գործարար համաժողովի ընթացքում:

Նրա ղեկավարած ընկերությունը արդեն 11 տարի գործում է Թուրքիայում: «Մենք որոշել ենք տեղափոխել ընկերությունը, քանի որ աշխատակիցներն այնտեղ ավելի արդյունավետ են աշխատում, քան Նիդեռլանդներում: Մենք շատ գոհ ենք Թուրքիայում աշխատելուց: Կառավարությունը եւ տեղական իշխանությունները աջակցում են մեզ»,- ասել է Հ. վան դեր Հուկը:

Հարցին, թե արդյոք արտադրությունը Թուրքիա տեղափոխելը կապված չէր աշխատուժի արժեքով, գործարարը պատասխանել է. «Ճշգրիտ տվյալներ չունեմ: Համոզված եմ, որ Թուրքիայում այն ավելի էժան է, սակայն գլխավոր պատճառը դա չէ», - հավելել է նա: «Հոլանդիայում մենք համապատասխան մասնագետներ չունեինք, Թուրքիայում ունենք»:

Ընկերությունն իր արտադրանքն արտահանում է Եվրոպա եւ Մերձավոր Արեւելք: «Սա իմ առաջին այցն է Հայաստան, սակայն մեր աշխատակիցները բավական ծանոթ են երկրին: Այսօր եւ վաղը մենք մի շարք հանդիպումներ կունենանք տեղի գործարարների հետ», - հավելել է նա: