Վրաստանում «Գեորգոբա» ազգային տոնի եւ «Վարդերի հեղափոխության» 8-ամյակի կապակցությամբ կանցկացվեն մի շարք միջոցառումներ, հայտնում է վրացական «Պիրվելի» գործակալությունը:

Վրաստանի նախագահի մամուլի խոսնակ Մանանա Մանջգալաձեի խոսքով, «Գեորգոբա» տոնի եւ «Վարդերի հեղափոխության» 8-ամյակի կապակցությամբ Քութայիսիում կբացվի կառավարման տունը, որտեղ առաջին խորհրդին ներկա կգտնվի եւ կղեկավարի Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին:

Բացի այդ, Թբիլիսիում կբացվի «Աղմաշենեբելի»  պողոտան: «Աղմաշենեբելի» պողոտայով Թբիլիսին կվերագտնի իր նախկին դեմքը»,-հայտարարել է նախագահի մամուլի խոսնակը:

Նշենք, որ Վրաց ուղղափառ եկեղեցին հատկապես մեծ հանդիսավորությամբ է նշում Սուրբ Գեորգի կրոնական տոնը (Գեորգոբա): Թեեւ կապադովկիացի Գեորգի (որը տառապանքների է ենթարկվել քրիստոնեություն դավանելու համար) պաշտամունքը տարածված է ողջ քրիստոնեական աշխարհում, բայց Վրաստանում նրան առանձնահատուկ են երկրպագում:

Հիշեցնենք նաեւ, որ «Վարդերի հեղափոխությունը» Վրաստանում տեղի է ունեցել 2003 թվականի նոյեմբերի 23-ին, որի արդյունքում նախագահի պաշտոնը Շեւարդնաձեից անցավ Սահակաշվիլիին: