Ադրբեջանի իշխանությունները արձագանքել են հակաիսլամիստ գրող Ռաֆիգ Թաղիի դանակահարության հետ կապված դեպքին: Ադրբեջանական «Տրիբունա» գործակալությունը գրում է, որ Իլհամ Ալիեւն անձամբ է դեպքի առթիվ կարգադրություններ տվել գլխավոր դատախազությանը: Պետության ղեկավարը հրամայել է գլխավոր դատախազ Զաքիր Գարալովին անձամբ վերահսկել այդ գործը եւ իրականացնել անհրաժեշտ բոլոր միջոցառումները:

«Տրիբանան» նաեւ հավելում է, որ Ադրբեջանում Իրանի դեսպանության մամուլի ծառայությունը հայտնել է. «Ռաֆիգ Թաղիի դեմ իրականացված հանցագործության դեպքի հետ ԻԻՀ-ի առնչություններ ունենալու մասին մի շարք անձանց եւ Ադրբեջանի հանրապետության մի շարք լրատվամիջոցների պնդումները անհիմն են եւ նպատակ ունեն բացասական մթնոլորտ ստեղծել երկու կողմերի հարաբերություններում: Մենք կարծում ենք, որ այդ գործողությունները միտված են ԻԻՀ-ի եւ Ադրբեջանի հանրապետության միջեւ առկա ռազմավարական հարաբերություններին հարվածելուն, սակայն սիոնիստ Ամերիկայի կողմից ձեռնարկված այդ քայլերը անհաջողության են մատնված»:

Նշենք, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Ադրբեջանի ՔՕ 126.1 հոդվածով` առողջությանը միտումնավոր ծանր վնաս հասցնել: Ստեղծվել է հատուկ քննչական խումբ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 19-ի երեկոյան, անհայտ անձինք հարձակվել էին ադրբեջանցի գրող Ռաֆիգ Թաղիի վրա: Միջադեպը տեղի էր ունեցել ավտոկանգառում. անհայտ անձինք մի քանի դանակի հարվածներ էին հասցրել Թաղիին` մեջքի եւ պարանոցի մասում եւ անհետացել: Տուժածն ինքն էր հասել տուն եւ շտապօգնություն կանչել:

Նշենք, որ Թաղին հայտնի է մի շարք հոդվածներով, որոնցում քննադատվում են արմատական իսլամը, Շարիաթի օրենքները: Ի դեպ, իրանական մոլլաները Շարիաթի օրենքներով նրան մահապատժի են դատապարտել:

Որոշ փորձագետների համոզմամբ, Թաղիի վրա կատարված հարձակումը կարող է միտումնավոր արվել երկրի մի շարք շահագրգիռ ուժերի կողմից եւ բացառված չէ, որ դրա նպատակը երկրում կրոնական տարրերի դեմ ատելություն առաջացնելն է եղել: Ըստ էության դա շատ հավանական է, քանի որ նախագահի անսպասելի ակտիվությունը որոշակիորեն վկայում է, որ այդ միջադեպը կարող է օգտագործվել իսլամիստական ուժերին նոր հարված հասցնելու նպատակով: