Ադրբեջանում տեղական իշխանության 6 բարձրաստիճան ներկայացուցիչներ հեռացվելու են աշխատանքից, իսկ երկրի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիեւը իր վերահսկողության տակ է վերցնելու տեղական իշխանությունների ղեկավարումը:
Այդ մասին հաղորդում է ադրբեջանական «Պոլիգոն» գործակալությունը` նշելով, որ 2013-ի ընտրությունների նախօրեին նախագահի աշխատակազմից եկած հրամանի հիման վրա նախարարների եւ տեղական իշխանության ղեկավարների ազդեցությունը չեզոքացվելու է: Պարբերականը սակայն չի նշում պաշտոններից հեռացվողների անունները:
«Պոլիգոնը» գրում է, որ ներկայումս տեղական կառավարիչներից հինգը գտնվում են Արտակարգ իրավիճակների նախարար Քեմալադին Հեյդարովի կլանի ազդեցության գոտում, մեկն էլ առնչություններ ունի Տրանսպորտի նախարար Զիյա Մամեդովի հետ:
Նախագահի աշխատակազմում կարծում են, որ այն հանգամանքը, որ այդ տեղական կառավարիչները գտնվում են այս կամ այն նախարարի վերահսկողության ներքո, մեծապես խոչընդոտում է եւ խաթարում կենտրոնաձիգ վարչակազմի գործունեությունը:



























