Եվրամիության արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն կոմիսար Քեթրին Էշթոնը նոյեմբերի 22-ին հանդիպել է ընդդիմադիր Սիրիայի ազգային խորհրդի (ՍԱԽ) ներկայացուցիչների հետ:

Ինչպես հաղորդել է Էշթոնի մամուլի ծառայությունը, այդ հանդիպումը ընդդիմության ներկայացուցիչների հետ համագործակցության շարունակական ջանքերի մի մասն է, որը «չի աջակցում բռնությունը եւ պաշտպանում է ժողովրդավարական արժեքները»:

Մամուլի ծառայության հաղորդագրության մեջ նշվում է, որ Էշթոնը ողջունում է քաղաքական միասնական հարթություն ստեղծելու սիրիական ընդդիմության ջանքերը, ինչպես նաեւ, Արաբական պետությունների լիգայի հետ համագործակցելով, ժողովրդավարական համակարգին խաղաղ անցում կատարելու նրանց մտադրությունը:

Սիրիայում արդեն ինն ամիս շարունակվում են հակակառավարական ցույցերը, որոնք սկսվել են երկրի հարավում` Դերահայում, մարտի կեսերին, այնուհետեւ փոխանցվել են մնացած շրջաններին: Սիրիական ընդդիմության զգալի մասը եւ Արեւմուտքի մի շարք երկրներ պահանջում են նախագահ Բաշար Ասադի հրաժարականը:

Միեւնույն ժամանակ, երկրում իշխող վարչակարգի կողմնակիցների ցույցեր են տեղի ունենում, որոնք իրենց վրդովմունքն են արտահայտում Արաբական պետությունների լիգայի որոշման կապակցությամբ, ըստ որի` Սիրիայի անդամակցությունը տվյալ կազմակերպությանը դադարեցվում է: