Թերթը գրում է, որ օրեր առաջ լուր տարածվեց, թե ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը պարտադրել է հայկական բուհերի ռեկտորներին չհամագործակցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հիմնադրամի հետ: Այնուհետեւ նախարարը հերքել էր դա, նշելով, որ պետք է առանձնացնել «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամն ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: «Իսկ ահա երեկ աղմուկ բարձրացավ, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ուսանողների կրթաթոշակները չեն վճարվել: Նախարարը ժամեր անց հանձնարարեց բուհի ռեկտորին շտապ կարգավորել հարցը:

Հետաքրքիրն այն է, որ այս ամենը հերթականությամբ հաջորդեցին միմյանց, արգելվում է համագործակցությունը ԲՀԿ առաջնորդի հիմնադրամի հետ եւ հանկարծ ուսանողները թոշակները չեն ստանում:

Չենք փորձում կապ գտնել այս երկու իրադարձությունների միջեւ, սակայն դեռ ժամանակը ցույց կտա ու ԵՊՏԻ ղեկավարությունը  կապացուցի, թե ինչ կապ կար կամ չկար բուհի եւ ԲՀԿ-ի ֆինանսների հետ: Մի բան պարզ է. հանրապետական նախարարը դռները փակել է բուհերում բարեգործություն անելու ցանկություն ունեցող ԲՀԿ-ի առջեւ»,- գրում է «Երկիր»-ը: