Եմենի նախագահ Ալի Աբդուլահ Սալեհը մտադիր է համաձայնագիր ստորագրել` իշխանությունը խաղաղ հանձնելու վերաբերյալ: Այսօր` նոյեմբերի 23-ին, Սալեհը ժամանել է Սաուդյան Արաբիա, որպեսզի ստորագրի մեկ օր առաջ ձեռք բերված համաձայնությունը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: Նա վաղ առավոտյան ժամանել է Էր-Ռիադի օդանավակայան:
Եմենի իշխանությունների ու ընդդիմության միջեւ ընթացող բանակցությունների միջնորդի դերն ստանձնել է Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհուրդը, որի անդամներից է Սաուդյան Արաբիան:
Նախօրեին` նոյեմբերի 22-ին, Եմենում ՄԱԿ-ի դեսպանորդ Ջամալ բեն-Օմարը հայտնել է, որ Եմենի հարեւան երկրների կողմից առաջարկված համաձայնագրի տեքստը պետք է ստորագրեն ինչպես նախագահը, այնպես էլ ընդդիմության ղեկավարները:
Ըստ այդմ, Սալեհին եւ նրա շրջապատին խոստացել են քրեական հետապնդման չենթարկել, եթե նա իշխանությունը հանձնի երկրի փոխնախագահին, որն էլ երկիրը պետք է նախապատրաստի ազատ ընտրությունների:
Հիշեցնենք, որ Եմենի նախագահն արդեն մի քանի անգամ համաձայնել է հրաժարվել իշխանությունից, բայց վերջին պահին հրաժարվել է ստորագրել համաձայնագիրը: Ավելի քան 30 տարի Եմենը ղեկավարած Սալեհի հրաժարականի պահանջով հակակառավարական ցույցերը սկիզբ են առել այս տարվա փետրվարից:




























