Եվրահանձնաժողովը Եվրամիության հինգ երկրների` Բելգիային, Լեհաստանին, Հունգարիային, Կիպրոսին եւ Մալթային բյուջետային կարգուկանոնի անթույլատրելի խախտումների մասին գրություններ է ուղարկել:
Եվրահանձնաժողովի կոմիսար Օլլի Ռենը հայտնել է, որ ԵՀ-ն այդ երկրներից 2012թ. պետական ֆինանսների անբարենպաստ իրավիճակի հետագա զարգացումը կանխարգելող քայլեր է ակնկալում, հայտնում է Reuters-ը:
Եվրահանձնաժողովը միաժամանակ ձգտում է ազգային բյուջեների ձեւավորմանը միջամտելու նոր լիազորություններ ստանալ: Սպասվում է, որ Եվրահանձնաժողովի կողմից համապատասխան ճշտումներ մտցնելու մասին հայտարարությունը կարվի այսօր` նոյեմբերի 23-ին:
Օլլի Ռենի խոսքով` Եվրահանձնաժողովը պետք է համոզված լինի, որ եվրագոտու երկրների ազգային բյուջեները համապատասխանում են ԵՄ աճի եւ կայունության համաձայնագրի պահանջներին` նախքան այդ երկրների խորհրդարանների կողմից հավանության արժանանալը: Այս կապակցությամբ ԵՀ-ն պետք է ամեն տարվա հոկտեմբերի 15-ին ուսումնասիրի բյուջեների նախագծերը, որպեսզի հնարավորություն ունենա ուղղումներ կատարելու անհրաժեշտության մասին իր կարծիքը արտահայտելու:



























