Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, նոյեմբերի 22-ին, Լոս Անջելեսում հանդիպում է ունեցել ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեի, սոցիալ-դեմոկրատական Հնչակյան կուսակցության Արեւմտյան Ամերիկայի վարչական մարմնի եւ Ռամկավար ազատական կուսակցության Արեւմտյան Ամերիկայի շրջանային վարչության պատասխանատուների հետ:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպումների ժամանակ քննարկվել են Արցախի հանրապետության սոցիալ-տնտեսական իրավիճակին, տարածաշրջանային զարգացումներին եւ Արցախ-Սփյուռք համագործակցությանը վերաբերող հարցեր:
Երկրի ղեկավարը կարեւորել է ավանդական կուսակցությունների դերակատարությունը Սփյուռքի կյանքում, Հայրենիքի հետ կապերի ամրապնդման եւ Արցախին մշտապես սատարելու գործում:
Հանդիպումներին մասնակցել են Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, ԱՄՆ-ում եւ Կանադայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը:



























