Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, նոյեմբերի 22-ին, այցելել է Հայ առաքելական եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիո Հյուսիսային Ամերիկայի արեւմտյան թեմի ազգային առաջնորդարան եւ հանդիպել թեմի առաջնորդ Մուշեղ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի, Ազգային կենտրոնական ու թեմական վարչության անդամների եւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են ԼՂՀ ներքին կյանքին եւ Արցախ-Սփյուռք հարաբերություններին վերաբերող հարցեր:
Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության դերը Սփյուռքում հայապահպանության եւ Հայրենիքի հետ կապերի ամրապնդման գործում եւ երախտագիություն է հայտնել հայ համայնքի ներկայացուցիչներին Արցախին մշտապես սատարելու համար:
Հանդիպմանը ներկա են եղել Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը, ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, ԱՄՆ-ում եւ Կանադայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, պաշտոնատար այլ անձինք:




























