ԱՄՆ-ը «չորս տարվա փորձերից հետո համոզել Ռուսաստանին կատարել պայմանագրի պայմանները պայմանագրի 29 անդամ-երկրների հարցում» դադարեցնում է Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրով (ԵՍԶՈՒ) Ռուսաստանի նկատմամբ ստանձնած պարտավորությունների իրականացումը: Այդ մասին ասված է ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդի հայտարարության մեջ, հաղորդում է «Կոմսոմոլսկայա  պրավդան»:

Հայտարարության մեջ նշվում է, որ ԱՄՆ-ը շարունակելու է իրականացնել իր բոլոր պարտավորությունները բոլոր անդամ-երկրների նկատմամբ, բացառությամբ Ռուսաստանի: «Մենք ամբողջությամբ կվերսկսենք մեր պարտավորությունների իրագործումը, եթե Ռուսաստանը վերսկսի պայմանագրի շրջանակներում իր պարտավորությունների իրականացումը»,-ասված է հայտարարության մեջ:

Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագիրը Վարշավյան պայմանագրի երկրների կողմից ստորագրվել է 1990 թվականին։

Պայմանագրի անդամներ են եվրոպական 28 երկրներ՝ Հայաստանը, Ադրբեջանը, Բելոռուսը, Բելգիան, Բուլղարիան, Մեծ Բրիտանիան, Հունգարիան, Գերմանիան, Հունաստանը, Վրաստանը, Դանիան, Իսլանդիան, Իսպանիան, Իտալիան, Ղազախստանը, Լյուքսեմբուրգը, Մոլդովան, Հոլանդիան, Նորվեգիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռուսաստանը, Ռումինիան, Սլովակիան, Թուրքիան, Ուկրաինան, Ֆրանսիան, Չեխիան, ինչպես նաեւ ԱՄՆ եւ Կանադան։