Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիեւը նոյեմբերի 22-ին գաղտնի ուղեւորություն է կատարել Մոսկվա:
Ադրբեջանական «Ազադլըգ» թերթը, վկայակոչելով իր հավաստի աղբյուրները, հաղորդում է, որ Մեհթիեւի ուղեւորության նպատակը չի հստակեցվում, սակայն դա գաղտնի բնույթ էր կրում, եւ պաշտոնական տեղեկատվություն չի տրամադրվել:
«Փորձագետների գնահատմամբ, Մեհթիեւի գաղտնի այցը կապված է Ադրբեջանում տեղի ունեցող գործընթացների, հատկապես NABUCCO-ի նախագծի հետ: Արեւմուտքը լուրջ ջանքեր է գործադրում կարճ ժամանակամիջոցում այդ նախագիծը կյանքի կոչելու համար: Այժմ նախագահի մակարդակով ճնշումներ են գործադրվում Ադրբեջանի վրա, նախագծի իրականացման համար:
Նախագծի դեմ հանդես է գալիս միայն Ռուսաստանը, քանի որ դա չի համապատասխանում նրա տնտեսական եւ քաղաքական շահերին: Կրեմլը համոզված է, որ NABUCCO-ի իրականացման դեպքում Ռուսաստանը կկորցնի իր ազդեցությունը Հարավային Կովկասում: Ինչպես երեւում է, ունեցած մտահոգությունների հետեւանքով, Կրեմլը շտապ Մոսկվա է կանչել Ադրբեջանի «իր մարդուն»` Ռամիզ Մեհթիեւին: Կամ էլ Ռամիզ Մեհթիեւը այժմ բարդ իրադրության մեջ է` հանդես գալով որպես միջնորդ Ռուսաստանի` Ադրբեջանի վրա գործադրվող ճնշումները նվազեցնելու գործում»,-գրում է «Ազադլըգ»-ը:



























