Եգիպտոսի գլխավոր դատախազությունը քննություն է սկսել Թահրիրի հրապարակում տեղի ունեցած իրադարձությունների գործով, որի հետեւանքով, ըստ պաշտոնական տվյալների, սպանվել է 30 մարդ:

Ցուցմունքներ են տալիս ՆԳՆ սպաները, ովքեր ղեկավարել են ցույցի ցրումը, նաեւ բողոքի ակցիաների ժամանակ տուժած մասնակիցները, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Գլխավոր դատախազությունը դիմել է բոլորին, ովքեր ունեն տեսագրություններ ու լուսանկարչական վկայություններ Թահրիրի հրապարակում տեղի ունեցածի մասին: Դատախազությունը խնդրում է այդ նյութերը փոխանցել քննիչներին` առավելագույն օբյեկտիվ քննություն վարելու համար:

Նշենք, որ ցուցարարները չենն պատրաստվում լքել Թահրիրի հրապարակը, թեեւ զինվորական իշխանությունը խոստացել է հանրաքվե անցկացնել երկրում նախագահական ընտրությունների անցկացման ժամկետների վերաբերյալ: Ցուցարարները պահանջում են զինվորականների իշխանությունից անմիջապես հեռացում` մարշալ Թանթաուիի գլխավորությամբ: