Հայաստանում չկա նոր օրենքի ընդունման անհրաժեշտություն, որը կարգելի հղիության արհեստական ընդհատումը, քանի որ այդ գործընթացը կարգավորվում է «Վերականգնողական առողջության և վերականգնողական իրավունքների վերաբերյալ» օրենքով, որն ընդունվել է դեռ 2009-ին: Այդ մասին նոյեմբերի 23-ին տեղի ունեցած ասուլիսում հայտնել է ուռուցքաբան-գինեկոլոգ Վահե Տեր-Մինասյանը` հավելելով, որ իմաստ չունի նաեւ արգելել բժիշկներին հայտնել ծնողներին ապագա երեխայի սեռը:

Տեր-Մինասյանի խոսքով, համաձայն այդ օրենքի 10-րդ կետի, 12 շաբաթական պտղի արհեստական հեռացում տեղի է ունենում կնոջ կամքով, իսկ մինչեւ 22 շաբաթական պտղի հեռացումը կարող է իրականացվել միայն բժշկական եւ սոցիալական հանգամանքների առկայության դեպքում, կնոջ համաձայնությամբ:

«Երեխայի սեռական օրգանները սկսում են ձեւավորվել բեղմնավորման պահից սկսած, սակայն բժիշկները հատուկ տեխնիկայի միջոցով, կարող են հայտնել երեխայի սեռը միայն հղիության 12 շաբաթում: Հետեւաբար, պետք չէ արգելել բժիշկներին ծնողներին հայտնել երեխայի սեռը, քանի որ այն կարելի է որոշել ժամկետից հետո, ինչը հնարավորություն կտա իրականացնել հղիության արհեստական ընդհատում: Պետք չէ արգելել հղիության արհեստական ընդհատումը, պետք է ուղղակի հետեւել, որ մարդիկ չշրջանցեն օրենքը»,-նշել է բժիշկը:

Բացի այդ, Տեր-Մինասյանի խոսքով, պետք է բարձրացնել ինքնագիտակցության մակարդակը թե կանանց, եւ թե տղամարդկանց մոտ: Շատերը չեն գիտակցում, որ ինչ վտանգ է ներկայացնում հղիության արհեստական ընդհատումը` սկսած անպտղությունից վերջացրած տարբեր հիվանդություններով, որոնք երկար բուժում են պահանջում: «Նորմալ կանանց եւ տղամարդկանց համար հղիության ընդհատումը անթույլատրելի է: Իհարկե, բառացություն են կազմում այն դեպքերը, երբ քննարկվում է մոր կամ երեխայի կյանքը փրկելու հարցը, եւ այլ բացառիկ դեպքեր»,-ասել է Տեր-Մինասյանը:

Կոտայքի թեմի Ջրվեժի սուրբ Կաթողիկե եկեղեցու հոգևոր հովիվ տեր Կյուրեղ քահանա Տալյանի խոսքով, մարդիկ սկսել են կիրառել հղիության արհեստական ընդհատման ձեւը` սպանությունը արդարացնելու եւ հանգիստ կյանքով ապրելու համար:

Իր խոսքերը հիմնավորելու համար քահանան հատվածներ է մեջբերել գրքից, որտեղ մի շարք գինեկոլոգներ, ովքեր ժամանակից բազմաթիվ աբորտներ էին կատարել, պատմում են այն մասին, որ պտուղը, բեղմնավորման պահից, կենդանի մարմին է եւ զգում է եւ ընկալում շրջակա միջավայրը: