Զարգացած երկրներում ձեւավորվել է կրոնի նոր տեսակ, որը կոչվում է մարդու իրավունքներ: Դա հեթանոսության տեսակ է, որտեղ մարդը վերածվել է պաշտանմունքի աղբյուրի: Այդ մասին նոյեմբերի 23-ին կայացած ասուլիսում հայտարարել է Կոտայքի թեմի Ջրվեժի սուրբ Կաթողիկե եկեղեցու հոգևոր հովիվ տեր Կյուրեղ քահանա Տալյանը` հավելելով, որ այդ դեպքում աբորտի կողմնակիցները խոսում են կանանց իրավունքների մասին` կարծելով, որ պտուղը կնոջ մի մասնիկն է, եւ նա վարվում է նրա հետ այնպես, ինչպես կամենա:

«Այդ ամենի հիմքում ընկած են հաճույքները, սեռական սանձարձակությունը, ազատությունը: Այսօր մեր դպրոցներում խոսում են անվտանգ սեքսի մասին, այսինքն ինչ ցանկանում եք, այն էլ արեք, միայն մի հղիացեք եւ մի հիվանդացեք: Ես բառեր չեմ գտնում այդ երեւույթի հանդեպ իմ վերաբերմունքը արտահայտելու համար: Կան բարոյական օրենքներ, եւ այդ օրենքները փոփոխության ենթակա չեն, քանի որ դրանք Աստծված է ստեղծել»,-ասել է քահանան:

Նրա խոսքով, մարդը կարծում է, որ բարոյականությունը փոփոխական է: Նման մտածելակերպի մարդիկ պայքարում են աբորտի իրավունք ձեռք բերելու համար, որն ավելին է, քան սպանությունը: «Եւ ես չեմ զարմանա, եթե վաղը սկսեն խոսել մարդասպանների իրավունքների մասին»,-նշել է նա:

Քահանայի խոսքով, աբորտը կարող է արդարացվել միայն մի դեպքում. եթե պետք է ընտրություն կատարել կնոջ եւ երեխայի կյանքի միջեւ: Եթե ամուսինը դրդում է կնոջը ինքնասպանության, ապա նա սպանության մասնակից է:

«Խոսելով կանանց իրավունքների մասին` պետք է նշեմ, որ եթե աբորտն իրականացվում է մոր առողջական վիճակից ելնելով, ապա ես կարծում եմ, որ դա ամբողջությամբ արդարացված է բժշկության տեսակետից: Աբորտը նաեւ արդարացված է, եթե պտուղն ունի պաթոլոգիական խնդիրներ: Եվ այդ դեպքում հղիության արհեստական ընդհատման մասին որոշումը դա կնոջ իրավունքն է»,-իր հերթին հայտարարել է գինեկոլոգ-ուռուցքաբան Վահե Տեր-Մինասյանը:

Բացի այդ, Տեր-Մինասյանի խոսքով, պետք է բարձրացնել ինքնագիտակցության մակարդակը թե կանանց, եւ թե տղամարդկանց մոտ: Շատերը չեն գիտակցում, որ ինչ վտանգ է ներկայացնում հղիության արհեստական ընդհատումը` սկսած անպտղությունից վերջացրած տարբեր հիվանդություններով, որոնք երկար բուժում են պահանջում: «Նորմալ կանանց եւ տղամարդկանց համար հղիության ընդհատումը անթույլատրելի է: Իհարկե, բառացություն են կազմում այն դեպքերը, երբ քննարկվում է մոր կամ երեխայի կյանքը փրկելու հարցը, եւ այլ բացառիկ դեպքեր»,-ասել է Տեր-Մինասյանը: