Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` նոյեմբերի 23-ին, հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերի հետ:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Հայաստանում դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերի անցած չորս տարիների գործունեությունը, որը նախագահի խոսքով, եղել է ակտիվ եւ արգասաբեր` նպաստելով Եվրամիության հետ մեր երկրի հարաբերությունների դինամիկ զարգացմանն ու արդյունավետ համագործակցությանը: Այդ ամենի արդյունքում, ըստ Հանրապետության ղեկավարի, լավ նախադրյալներ են ստեղծվել երկրում սկսված բարեփոխումները հաջողությամբ ավարտին հասցնելու համար:

Նախագահի հրամանագրով,  Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ համագործակցության ամրապնդման եւ զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լուցենբերգերը պարգեւատրվել է Մխիթար Գոշի մեդալով: Հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը շնորհավորել եւ պարոն Ռաուլ դե Լուցենբերգերին է հանձնել պետական պարգեւը` հույս հայտնելով, որ նա այսուհետ էլ շարունակելու է մնալ մեր երկրի բարեկամը, որտեղ էլ հետագայում պաշտոնավարի:

Դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերը շնորհակալություն է հայտնել իր գործունեության ընթացքում մշտապես ցուցաբերված աջակցության, համագործակցության եւ աշխատանքին տրված գնահատականի համար: Նա նշել է, որ վերջին տարիներին Հայաստանում զգալի փոփոխություններ են կատարվել, երկրում լուրջ բարեփոխումներ են ընթանում, ինչը ԵՄ-ում եւս գերիշխող կարծիք է: Ռաուլ դե Լուցենբերգերը  հաջողություններ է մաղթել այդ բարեփոխումներին, որոնք, նրա հավաստմամբ, առավել կամրապնդեն ԵՄ-Հայաստան հարաբերություններն ու կխորացնեն համագործակցությունը: