2009թ.-ի հունվար-սեպտեմբերի ամիսներին Հայաստանում արտադրված սիգարետների քանակը՝ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 12,1 տոկոսով կամ 268,7 միլիոնով եւ կազմել 2 մլրդ 486 մլն հատ:

ՀՀ ԿԱ պետեկամուտների կոմիտեի կողմից տրամադրված տվյալների համաձայն՝ վերոնշյալ ժամանակաշրջանում Հայաստան է ներմուծվել 1 մլրդ 592 մլն հատ սիգարետ։ Անցյալ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների ցուցանիշի համեմատ՝ սիգարետների ներմուծման ծավալները կրճատվել են 30,7 տոկոսով կամ 707 միլիոնով: Ինչ վերաբերվում է արտահանմանը, ապա վերոնշյալ ժամանակահատվածում Հայաստանից արտահանված սիգարետների քանակն աճել է 4,67 տոկոսով կամ՝ 17,1 միլիոնով եւ կազմել 384 միլիոն հատ:

«Բիզնես 24» կայքի փոխանցմամբ, այդ թվերից հետեւում է, որ անցյալ տարվա առաջին 9 ամիսների ընթացքում Հայաստանի շուկայում հայտնվել է 4 մլրդ 15 մլն հատ սիգարետ, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում` 3 մլրդ 695 մլն հատ, ինչը նշանակում է, որ 2009թ. առաջին ինը ամիսների ընթացքում Հայաստանի սիգարետների շուկան կրճատվել է 455 միլիոն սիգարետով կամ՝ մոտ 11 տոկոսով: