Նիդեռլանդների վարչապետի պաշտոնակատար Մարկ Ռյութեի թեկնածությունը ՆԱՏՕ ապագա գլխավոր քարտուղարի պաշտոնում հաստատվել է։ Այս մասին տեղեկացրել է «Ազատություն» ռադիոն։ https://www.svoboda.org/a/mark-ryutte-utverzhdyon-na-post-buduschego-genseka-nato/33010714.html

Ռյութեի թեկնածությունը հաստատել են ՆԱՏՕ երկրների դեսպանները Բրյուսելում։ Պաշտոնական նշանակումը, ինչպես սպասվում է, տեղի կունենա կազմակերպության Վաշինգտոնի գագաթաժողովում, որը կկայանա հուլիսին։ Ռյութեի լիազորությունների ժամկետը հինգ տարի է։ Նա կփոխարինի ՆԱՏՕ ներկայիս գլխավոր քարտուղար, նորվեգացի Յենս Սթոլտենբերգին։

Այն մասին, որ Հյուսիսատլանտյան դաշինքի բոլոր 32 երկրները աջակցել են Ռյութեի թեկնածությանը, ավելի վաղ տեղեկացրել էր Politico-ն։

Վերջին երկրները, որոնց աջակցությունը պետք է ստանար Ռյութեն, Սլովակիան եւ Հունգարիան էին։ Նրանք հավանություն են տվել նրա թեկնածությանը երեքշաբթի, հունիսի 18-ին։

Ռյութեից բացի պաշտոնին հավակնում էր նաեւ Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը։ Նա ավելի վաղ հայտարարել էր, որ հանում է իր թեկնածությունը։

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը մի քանի ամիս չէր համաձայնում Ռյութեի թեկնածությունը պաշտպանելուն, բայց խոստում է ստացել նրանից, որ Բուդապեշտը կկարողանա հրաժարվել ՆԱՏՕ գործունեությանը մասնակցելուց Ուկրաինայի աջակցության հարցում։

Նիդեռլանդների վարչապետի պաշտոնում (Ռյութեն կառավարությունը գլխավորում է ավելի քան 10 տարի) ՆԱՏՕ ապագա գլխավոր քարտուղարը վարել է Ուկրաինային աջակցելու հետեւողական քաղաքականություն, քննադատել է Ռուսաստանի իշխանություններին։

ՆԱՏՕ նոր ղեկավարը պաշտոնն ստանձնելու է հոկտեմբերի 2-ին։ Նրա հիմնական խնդիրը լինելու է պաշտպանության ծախսերի ավելացումը բոլոր երկրների համար՝ ՀՆԱ 2 տոկոսի չափով։ ՆԱՏՕ գնահատականներով՝ ռազմական ծախսերի թիրախային ցուցանիշին հասել են 32 երկրներից 23-ը։