Պորտուգալիան 24-ժամյա համընդհանուր գործադուլ է սկսել` ուղղված կոշտ տնտեսումների քաղաքականության դեմ, որը մտցնելու համար Եվրամիության ամենախնդրահարույց երկրներից մեկի խորհրդարանը կարող է քվեարկել արդեն հաջորդ շաբաթ: Ըստ BBC-ի` բողոքի այս ակցիան պետության պատմության մեջ խոշորագույններից մեկն է:
Գործադուլը կազմակերպել են Պորտուգալիայի առավել ազդեցիկ երկու միությունները, որոնցում ներառված են միլիոնավոր աշխատողներ: Երկիրը ստիպված կլինի կոշտ տնտեսումների դիմել` ԵՄ-ից եւ Արժույթի միջազգային հիմնադրամից ֆինանսական օգնության ստացումն արդարացնելու համար:
Համընդհանուր գործադուլը սկսել է դեռեւս չորեքշաբթի, երբ լիսաբոնյան մետրոյի աշխատակիցները հրաժարվել են աշխատանքի դուրս գալ: Նրանց միացել են ուսուցիչներ, առողջապահական հաստատությունների աշխատակիցներ, օդային երթեւեկության կարգավարներ:
Նախօրեին Պորտուգալիայի վարչապետ Պեդրու Պասուշ Կոելյուն հայտարարել է, որ երկրի իշխանությունները մտադիր չեն դիմել 2012թ. գանձարանը լցնելու միանվագ միջոցառումների:
Այդ քայլը Եվրամիության եւ ԱՄՀ երկրների վարկատուների քննադատությանն էր արժանացել: Այնուամենայնիվ, վարկատուները Պորտուգալիայի հակաճգնաժամային ծրագրի կատարման կապակցությամբ գոհունակություն էին հայտնել:
2011թ. գարնանը Պորտուգալիան եվրագոտու երրորդ երկիրը դարձավ (Հունաստանից եւ Իռլանդիայից հետո), ով ստիպված եղավ դիմել ԵՄ-ին եւ ԱՄՀ-ին` արտաքին պարտքը մարելու անհնարինության կապակցությամբ:
Այդ ժամանակ ԵՄ երկրների եւ ԱՄՀ-ի ղեկավարները Լիսաբոնին 78 մլրդ եվրոյի վարկային գիծ տրամադրեցին: Փոխարենը Պորտուգալիայի ղեկավարությունը պարտավորվել էր էականորեն կրճատել բյուջետային ծախսերը, հաղորդում է РБК-ն:



























