Բելառուս իրավապաշտպան Ալես Բելիցկին դատապարտվել է 4,5 տարվա ազատազրկման` ունեցվածքի բռնագրավմամբ: Նա իր պատիժը կկրի խստացված ռեժիմի գաղութում:

Մինսկի դատարանը նրան մեղավոր է ճանաչել հարկերից խուսափելու մեջ, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերի վնասի:

«Վեսնա» իրավապաշտպան կենտրոնի ղեկավար Ալես Բելյացկիի դեմ քրեական հետապնդման համար առիթ է դարձել նրա` օտարերկրյա բանկերում հաշիվներ ունենալու մասին տեղեկությունը, որը Բելառուսի իշխանություններին են փոխանցել Լիտվայի արդարադատության նախարարությունն ու Լեհաստանի գլխավոր դատախազությունը, գրում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Բելյացկին չի ընդունում իրեն հասցեագրված մեղքը եւ պնդում, որ այդ հաշիվներում եղել են գումարներ, որոնք նախատեսված են Բելառուսում քաղաքական դրդապատճառներով ճնշումների ենթարկվողներին օգնելու համար: Նա հայտարարել է, որ իր դեմ հարուցված քրգործը քաղաքական ենթատեքստ ունի:

Այս քրեական գործն արդեն մեծ հասարակական եւ միջազգային արձագանք է ունեցել: Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները, ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի ղեկավարությունը պահանջում են ազատ արձակել նրան: