ՀԱՊԿ-ի եւ ՆԱՏՕ-ի համագործակցությունն օգտակար կլիներ երկու կառույցների համար եւ կամրապնդեր այդ կազմակերպությունների անդամ երկրների անվտանգությունը: Այս մասին, այսօր` նոյեմբերի 24-ին, Մոսնկվայում տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, միաժամանակ ափսոսանք հայտնելով, որ ՆԱՏՕ-ն հետաքրքրություն չի ցուցաբերում նման փոխգործակցության նկատմամբ:

«Եթե մենք միացնեինք մեր ջանքերը թեկուզ Աֆղանստանից թմրաթրաֆիքի դեմ պայքարի հարցում, արդյունքն, իմ կարծիքով, բավական մեծ կլիներ: Բայց դրա փոխարեն շարունակվում են քաղաքական խաղերը»,- ասել է Բորդյուժան:

Նա առանձնացրել է այն ոլորտները, որտեղ ՀԱՊԿ-ն ու ՆԱՏՕ-ն ընդհանուր շահեր ունեն. պայքար թմրաթրաֆիքի եւ ահաբեկչության դեմ, արագ արձագանքման ուժերի համատեղման հարցերի լուծում, խաղաղապահ ջանքեր:

Բորդյուժան նաեւ նշել է, որ ՆԱՏՕ-ի հետ հանագործակցությունը ՀԱՊԿ-ի համար հեղինակության հարց կամ կենսական անհրաժեշտություն չէ: «ՀԱՊԿ-ն ինքնուրույն կառույց է, որն ունի իր ուժային պոտենցիալը: ՀԱՊԿ-ն կարող է սպասել, մինչեւ ՆԱՏՕ-ի ներկա կամ ապագա ղեկավարները «կհասունանան համագործակցության համար».-ասել է նա: