Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն անդրադարձել է Էրդողանի՝ Դերսիմի կոտորածների հետ կապված ներողությանը։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝  Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, թե Դերսիմի կոտորածների համար վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ներողությունը բավարար չէ եւ կոչ է արել իշխանություններին՝ բացել արխիվները։

«Էրդողանի ցույց տված փաստաթղթերը նոր չեն։ Ես դրանք կարդացել եմ 1970-ականներին։ Ներողությունը քիչ է, պետք է բացեք արխիվները։  Դերսիմից արտաքսած ընտանիքներին հետ տվեք իրենց հողերը, փոխհատուցեք վնասները։ Ես խնդրել եմ արխիվների փաստաթղթերը, սակայն չեն տվել։ Այդ փաստաթղթերը ցույց տվեք ժողովրդին»,-ասել է Քեմալ Քըլըչդարօղլուն։

Նշենք, որ Թուրքիայի վարչապետը հայտարարել էր, թե եթե պետք լինի, Դերսիմի կոտորածների համար ինքը պետության անունից ներողություն կխնդրի եւ խնդրում է։ Նա Դերսիմի կոտորածների համար մեղադրել էր «Ժողովրդա-հանրապետական»-ին՝ պնդելով, որ այն ժամանակ այդ կուսակցությունն է եղել իշխանության։

Հիշեցնենք, որ Դերսիմի ապսամբությունը թուրքական իշխանությունները արյան մեջ են խեղդել՝ վերացնելով հազարավոր գյուղեր։ Տարբեր աղբյուրների հաղորդմամբ՝ Դերսիմի կոտորածներին զոհ է գնացել մինչեւ 100 հազար հոգի։

1915-ի Հայոց ցեղասպանությունից փրկված, եւ Դերսիմի տարբեր գյուղերում պատսպարված հազարավոր հայերը 1938-ին կրկնակի ցեղասպանության ենթարկվեցին։