Ռուսական РЕН-ТВ հեռուստաալիքի հաղորդավարուհի Տատյանա Լիմանովան հեռացվել է աշխատանքից միջազգային ոչ մեծ սկանդալի համար, որը նա հրահրել էր` ուղիղ եթերում միջնամատը ցույց տալով: Օվկիանոսից այն կողմ շփոթմունք էր առաջացրել այն փաստը, որ անվայել ժեստը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի անունը հնչելուց անմիջապես հետո էր արվել: Ոմանք այդ քայլը որակել էին իբրեւ ԱՄՆ ղեկավարին անարգելու փորձ:

Սկանդալային միջադեպը տեղի է ունեցել ս.թ. նոյեմբերի 14-ին: Նորությունների թողարկման ընթացքում Տ. Լիմանովան խոսել է Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթաժողովի մասին: «Դմիտրի Մեդվեդեւն այսօր Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության կազմակերպության նախագահն է դարձել: Նախկինում այդ պաշտոնը զբաղեցնում էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման», - ասել է հաղորդավարուհին, ինչից հետո բարձրացրել է աջ ձեռքը եւ ցույց տվել միջնամատը:

Տեսանյութը հայտնվել է համացանցում եւ հարուցել ամերիկյան բլոգերների դժգոհությունը, որոնք դա որակել են իբրեւ վիրավորանք իրենց նախագահի հասցեին:

Հեռուստաալիքը բացատրություն էր տվել` ասելով, որ Լիմանովայի ժեստը հասցեագրված է եղել տեխնիկական անձնակազմին եւ ոչ մի կապ չի ունեցել ընթերցված նյութի հետ: Իրոք, բոլոր նրանց համար, ովքեր ծանոթ են հեռուստատեսային «խոհանոցին», այս տեսանյութում ոչ մի արտառոց բան չկա, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»: Ելնելով աշխատանքի առանձնահատկությունից` հաղորդավարները տեխնիկական անձնակազմի հետ կարող են հաղորդակցվել միայն ժեստերի միջոցով: Տատյանա Լիմանովան վստահ է եղել, որ հեռուստադիտողը սյուժեն է դիտում, իսկ ինքը կադրից դուրս է: Այսպիսով, մեղքը ոչ թե հաղորդավարուհունն է, այլ թողարկող ռեժիսորինը, որն ուշացրել է սյուժեի հեռարձակումը:

Չնայած այս ամենին, ամերիկացիները սադրիչ ժեստը լրջորեն ընկալել են իբրեւ Բարաք Օբամային ուղղված անարգանք: Բլոգերները կարծել են, որ ռուս հաղորդավարուհին հատուկ հակակրանք է տածում նախագահ Բարաք Օբամայի հանդեպ, ինչպես նաեւ կասկածել են`արդյոք ռուսները տեղյա՞կ են, թե ինչ է նշանակում այդ ժեստը:

Ըստ РБК-ի`հեռուստաալիքի ղեկավարությունը որոշել է չանտեսել այս միջադեպը` Տ. Լիմանովային  զրկելով իրենց մոտ հաղորդավարուհի աշխատելու հետագա հնարավորությունից: