Էկվադորի դատարանը կիրակի օրը որոշել է կալանավորել մեկ տասնյակից ավելի կասկածյալների, այդ թվում՝ դատավորների, փաստաբանների և պետական պաշտոնյաների, քանի դեռ իշխանությունները հետաքննում են դատարանի որոշումները, որոնք, ինչպես պնդում են, ընդունվել են հօգուտ հանցագործների, հաղորդում է AP-ն:
Կասկածյալները ձերբակալվել են շաբաթ օրը ամբողջ Էկվադորում սկսված գործողությունների արդյունքում, և նրանցից 14-ը կալանավորվել են:
Երկու տարեց կասկածյալներ դատապարտվել են տնային կալանքի, իսկ հղի կնոջն արգելել են լքել երկիրը։ Դատավորը նաև կարգադրել է սառեցնել կասկածյալների բանկային հաշիվները։
Կասկածյալները միացել են գործին արդեն առնչություն ունեցող 14 այլ մեղադրյալների, որը ստացել է «Ժանտախտ» անվանումը, քանի որ դատախազները հետաքննում են ապօրինի ցանցը, որը բարենպաստ դատավճիռներ, բանտարկությունից ազատվելու և այլ ծառայություններ է վաճառել կազմակերպված հանցավոր խմբավորումների անդամներին:
Լսումների ժամանակ, որը սկսվել է շաբաթ օրը կեսօրին և շարունակվել մինչև կիրակի առավոտ, մեղադրող կողմը պնդել է, որ 70 000 դոլարի դիմաց դատավորներից մեկն ազատություն է տվել «Լոս Լոբոս» կազմակերպության ղեկավար Ֆաբրիցիո Կոլոն Պիկոյին, որը համարվում է Էկվադորում թմրանյութերի շրջանառությամբ զբաղվող խոշորագույն կազմակերպություններից մեկը։
Պիկոն կապեր է ունեցել մեքսիկական կարտելների հետ և հունիսի սկզբին պատժամիջոցների է ենթարկվել ԱՄՆ կառավարության կողմից: Դատախազությունը մեղադրել է այլ դատավորների նմանատիպ գործողությունների և 30 000-ից մինչև 60 000 ԱՄՆ դոլարի չափով վճարումներ ստանալու մեջ:





























