Երեւանի Փափազյան 25 շենքի բնակարաններից մեկում, նոյեմբերի 5-ին, մորը կերոսինով խեղդամահ անելու մեղադրանքով կալանավորվել է 53-ամյա Էդուարդ Ռամազյանը: Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104 հոդվածի հատկանիշներով (սպանություն): Նրանց փոխանցմամբ` նշանակվել է դատահոգեբուժական ստացիոնար փորձաքննություն: Ենթադրվում է, որ փորձաքննության արդյունքներից պարզ կլինի` Էդուարդ Ռամազյանը տառապո՞ւմ է հոգեկան հիվանդությամբ, թե` ոչ:
Բնականաբար, դրանից հետո էլ կորոշվի, թե նա որտեղ կկրի հնարավոր պատիժը` հոգեբուժարանո՞ւմ, թե՞ կալանավայրում:
Ինչպես արդեն նշել էր NEWS.am-ը, 69-ամյա Ռաիսան ամուսնալուծված էր, ուներ մեկ որդի եւ մեկ դուստր: Նա ապրում էր որդու` 53-ամյա Էդիկի հետ, ով եւս ամուսնալուծված է կնոջից, ունի 3 երեխա` մեկ որդի, երկու դուստր: Հարեւանների խոսքով` Էդիկը հոգեկան շեղումներ ուներ, մայրը երեք անգամ նրան ուղարկել էր հոգեբուժարան` բուժվելու: Նույնիսկ հարեւաններն էին բողոքում, «Շտապօգնություն» կանչում, նրան տանում հոգեբուժարան, սակայն այնտեղ, հարեւանների խոսքով, նրան չէին պահում, շուտ բաց էին թողնում: Որդին պարբերաբար ծեծում էր մորը, ահաբեկչում: «Խելացի գիժ էր, տան դուռը փակում էր, որ մայրը դուրս չգար, հեռախոսն էլ անջատում էր, որ ոչ մեկին չկարողանա զանգել»,- պատմեցին հարեւանները` հավելելով, որ Էդիկը նույնիսկ մի անգամ զանգել էր ոստիկանին` ասելով, թե «արի մամայիս մոտ մնա, ես գնամ հացի»:
Իսկ նոյեմբերի 5-ին հարեւանները ձայներ չեն լսել, միայն առավոտյան են իմացել, որ հարեւանուհին մահացել է, ինչն էլ հիմք էր տվել կարծելու, որ որդին կամ բարձով է խեղդել, կամ «սալյարկա» է խմեցրել մորը: Համենայն դեպս, հարեւանների ճշմարտացիությունն ապացուցվում է ոստիկանության հիմնական վարկածով:



























