Լիբիայի Անցումային ազգային խորհրդի կողմից գերեվարված Սեյֆ ալ Իսլամ Քադաֆիի ձեռքի մատներն անհրաժեշտ է անդամահատել:
Ինչպես հաղորդել է նրան զննող բժիշկը, տղամարդու աջ ձեռքի բութ մատն ու ցուցամատը կտրված են միջին հոդահատվածներից եւ վատ վիճակում են գտնվում. վերքերը պատված են գանգրենային հյուսվածքով եւ դրանցից թարախ է դուրս տալիս:
Բժիշկը Reuters գործակալությանը հայտնել է, որ մատները կտրվել են պայթյունի հետեւանքով` դրանով բացառելով այն ենթադրությունը, որ Սեյֆ ալ Իսլամ Քադաֆիի մատները կտրել են նրան ձերբակալած մարդիկ:
Կրտսեր Քադաֆին ավելի վաղ հայտարարել էր, որ մի քանի շաբաթ առաջ ՆԱՏՕ-ի օդային հարվածի հետեւանքով վնասվածք է ստացել:
Զինթանա քաղաքի իշխանությունները, որտեղ էլ գտնվում է Ջամահիրիայի նախկին առաջնորդի որդին, վախենում են, որ հիվանդանոց տեղափոխելու դեպքում Սեյֆ ալ Իսլամին կարող են սպանել:
Հիշեցնենք, Սեյֆ ալ Իսլամ Քադաֆին` Ջամահիրիայի նախկին առաջնորդի որդին, ձերբակալվել է նոյեմբերի 19-ին Լիբիայում, երբ փորձում էր Նիգերի հետ սահմանը հատել: Ավելի վաղ նրան ձերբակալելու հրահանգ էր տվել Միջազգային քրեական դատարանը, բայց ձերբակալությունից հետո ԱԱԽ-ն վճռել էր Սեյֆին չհանձնել Հաագայի դատարանին: Նրա դատը կկայանա Լիբիայում, եւ ՄՔԴ-ի ներկայացուցիչները ներկա չեն լինի:



























