Ժամանակն է լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Այս մասին АПА-ին հայտնել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախկին ղեկավար, այժմ` Շվեդական Յարլ Յարլմարսոնի ժողովրդավարական ֆոնդի նախագահ Գորան Լենմարկերը: Ըստ նրա` անհրաժեշտ է մի քանի հանգամանք ընդգծել: Առաջին, հակամարտության լուծման հարցը ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում, պետք է հասցվի հանրային բանավեճերի մակարդակի: Այս համատեքստում նա մատնանշել է փախստականների խնդիրը:
«Երկրորդ, կարծում եմ, որ ժամանակն է հարավկովկասյան երեք երկրներին`Ադրբեջանին, Հայաստանին եւ Վրաստանին ԵՄ անդամակցության հեռանկար տրամադրել: Իհարկե, Ադրբեջանն ինքը պետք է որոշի` ուզում է մտնել ԵՄ, թե ոչ, բայց հեռանկարը պետք է լինի օրակարգում, ինչն էլ հակամարտության լուծման եւս մեկ խթան կդառնա», - նշել է Գորան Լենմարկերը:
Պատասխանելով հարցին, թե արդյոք ԵՄ-ն կարող է լրացուցիչ քայլեր ձեռնարկի կարգավորման խաղաղ գործընթացի ուղղությամբ, Լենմարկերը պատասխանել է. «Ոչ, կողքից մենք կարող ենք աջակցել, սակայն հակամարտության լուծումը չի կարող դրսից տրվել»: Ըստ նրա` հակամարտության լուծումը պետք է երկու երկրների հավանությանն արժանանա, ինչն էլ զիջումներ է ենթադրում: «Վերջնարդյունքում ոչ ոք հարյուրտոկոսանոց ցանկալի արդյունք չի ստանա: Մյուս կողմից, կարծում եմ, Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ բանակցությունները կարող են դրական դեր ունենալ այդ համատեքստում, թեեւ իմ կարծիքը Բաքվի պաշտոնական հայացքներին չի համընկնում: Եթե թուրքերն ու հայերը կարողանան վերջ դնել պատմական տարաձայնություններին, դա կարող է դրական դեր ունենալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում», - ընդգծել է Գորան Լենմարկերը:



























