Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կարծում է, որ վրաց-ամերիկյան «Արժանի գործընկեր-2024» զորավարժությունների հետաձգումը անորոշ ժամկետով, իսկ հետո ՊՆ-ին 30 մլն եվրոյի հատկացումը սառեցնելու ԵՄ որոշումը հանրապետության իշխանությունների անխոհեմ եւ գործընկերների հանդեպ թշնամական քաղաքականության հետեւանքն են։
«ԱՄՆ զորավարժությունների չեղարկմանը հաջորդեց 30 մլն եվրոյի սառեցումը պաշտպանության ուժերի համար։ Սա կառավարող կուսակցության («Վրացական երազանք – Դեմոկրատական Վրաստան») անխոհեմ եւ թշնամական քաղաքականության պատասխանն է»,- գրել է Զուրաբիշվիլին Facebook-ում։
Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին ավելի վաղ հայտնել էր, որ Եվրամիությունը որոշել է սառեցնել 30 մլն եվրոն, որը նախատեսվում էր տրամադրել Վրաստանի պաշտպանության նախարարությանը։ Բացի այդ, նրա խոսքով, դադարեցվել է նաեւ երկրի՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացը։





























