Ֆրանսիան բոլորին կոչ է արել «շտապ սառեցնել ուղեղները» հակահրթիռային պաշտպանության եվրոպական համակարգերի հարցում եւ հիշեցրել է առաջնահերթությունների մասին` «երկխոսություն եւ համագործակցություն Ռուսաստանի հետ` ՀՀՊ-ի հարցով»:
Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Բեռնար Վալերոն Փարիզում կայացած ասուլիսում հայտարարել է, որ Փարիզն անհրաժեշտ է համարում նվազեցնել լարվածությունը ԵվրոՀՀՊ-ի հարցում եւ այն մշակելիս համագործակցել Ռուսաստանի հետ:
«Կարծում եմ, որ ուղեղները պետք է շտապ սառեցնել, դա կարեւոր հարց է: Լիսաբոնում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ընթացքում մենք որոշեցինք Ռուսաստանի հետ համատեղ աշխատել հակահրթիռային պաշտպանության եւ եվրոպական անվտանգության հարցերում: Մեր առաջնահերթությունը ՀՀՊ-ի հարցով Ռուսաստանի հետ երկխոսությունն ու համագործակցությունն է»,- Ֆրանսիայի ԱԳՆ-ի ներկայացուցչի խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին:
Վալերոն նաեւ հիշեցրել է, որ «սառը պատերազմն ավարտվել է»:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ԵվրոՀՀՊ-ի առնչությամբ հատուկ հայտարարությամբ էր հանդես եկել եւ ԱՄՆ-ին սպառնացել դուրս գալ Ռազմավարական հարձակողական զենքի պայմանագրից, եթե վերջինս շարունակի Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության կառուցումը:
ԱՄՆ անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Թոմի Վիթորը ՌԴ նախագահի ելույթից մի քանի ժամ անց հայտարարել էր, որ ԱՄՆ-ն Եվրոպայում ՀՀՊ ստեղծելու իր ծրագրից չի հրաժարվի: Իսկ ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարկ Տոները հայտարարել էր, որ ԵվրոՀՀՊ-ն Ռուսաստանի դեմ չի ուղղված:



























