Ռուսաստանը կարծում է, որ ոչ թե բանաձեւեր ընդունել եւ Սիրիայի նկատմամբ ճնշում գործադրել է պետք, այլ` ներքաղաքական երկխոսություն:

Այս մասին այսօր` նոյեմբերի 25-ին, ասուլիսի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը: 

«Սիրիայի գործերին ուժային միջամտությունը միանգամայն անընդունելի է Ռուսաստանի համար: Եւ իրավունքների պաշտպանության հարցերը չպետք է օգտագործվեն որպես նման միջամտության առիթ», - ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի` ասել է նա: 

Մեկնաբանելով Սիրիայում, այսպես կոչված, «մարդասիրական միջանցքներ» ստեղծելու Արեւմուտքի առաջարկները` դիվանագետը պատասխանել է, որ այժմ Մոսկվան փորձում է պարզել` խոսքն ինչի մասին է: