Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի այցը Ռուսաստան ՆԱՏՕ գագաթաժողովի նախօրեին բացասական արձագանք է առաջացրել ԱՄՆ վարչակազմի այն ներկայացուցիչների շրջանում, որոնք կողմ են Հնդկաստանի հետ կապերի ամրապնդմանը։ Այս մասին տեղեկացրել է Bloomberg գործակալությունը՝ հղում կատարելով Սպիտակ տան անունը չնշած աղբյուրներին։
Նրանց տեղեկացմամբ՝ Մոդիի այցը Մոսկվա եւ նրա ջերմ հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ամրացրել են այն ուժերի դիրքերն ամերիկյան ղեկավարությունում, որոնք դեմ են Վաշինգտոնի եւ Նյու Դելիի մերձեցմանը։ Գործակալությունը հիշեցնում է, որ այցի արդյունքն է դարձել երկու երկրների համագործակցության խորացումը ատոմային էներգետիկայի ոլորտում, նաեւ հաստատվել է երկու երկրների արտոնյալ ռազմավարական գործընկերությունը։ Այս առնչությամբ ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչները տեղեկացնում են, որ այցը բացասաբար է ընկալվել Բայդենի թիմի կողմից, որը կողմ է Նյու Դելիի հետ համագործակցությանը այնպիսի ռազմավարական ոլորտներում, ինչպիսին են արհեստական բանականությունը եւ պաշտպանական տեխնոլոգիաները։
Այդ պատճառով ամերիկացի պաշտոնյաները մի քանի հանդիպումներ եւ հեռախոսազրույցներ են ունեցել իրենց հնդիկ գործընկերների հետ։ Նման զրույցներից մեկի ժամանակ ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Կուրտ Քեմփբելը ՆԱՏՕ գագաթաժողովի նախօրեին հայտնել է Հնդկաստանի ԱԳՆ ղեկավարի առաջին տեղակալ Վինայ Կվատրային, որ Վաշինգտոնի համար հատկապես անհարմար է եղել Ռուսաստան Մոդիի այցելության համար ընտրված ժամանակը։





























