Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիտորդական առաքելությունը Հարավային Օսիայի ընտրությունները ճանաչել են կայացած եւ երկրում գործող օրենսդրությանն ու միջազգային ընտրական չափանիշներին համապատասխան:

«РЕС» գործակալությունը տեղեկացնում է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտգործնախարարության աշխատակազմի ղեկավար Սեմյոն Աֆիյանը ՀՕՀ ԿԸՀ-ի ասուլիսում նշել է, որ տվյալ ընտրությունները Հարավային Օսիայի հետագա զարգացման եւ հասարակական կյանքի ժողովրդավարացման կարեւոր գործոն էին:

Նա նշել է, որ ընտրությունները կայացել են ընտրողների ակտիվ մասնակցության եւ քաղաքական իրավահավասար մրցակցության պայմաններում: Աֆիյանը նաեւ նշել է, որ իրենք ընտրությունների օրը ոչ մի էական խախտում չեն արձանագրել:

ԼՂՀ ներկայացուցչությունը նաեւ տարակուսանք է հայտնել այն կապակցությամբ, որ որոշ միջազգային կազմակերպություններ Հարավային Օսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքների օրինականությունը չէին ճանաչել: